Դդմաշենի դպրոցի 1860-ական թվականներից գյուղում գործել են գրագիտական խմբակներ, 1904 թվականին՝ երկդաս դպրոց, որի հովանավորներն են եղել Եգոր Կարապետյանը, Տեր Սահակ քահանա, Տեր Սողոմոնի Տեր Սահակյանը։ Ծխական մեկդասյա երկսեռ դպրոցը, որն ուներ 56 աշակերտ և մեկ ուսուցիչ, հիմնադրվել է 1908 թվականին գյուղի առաջադեմ մարդկանց՝ Ոսկան Հարությունյանի, Միսակ Հակոբյանի, Եգոր Կարապետյանի և Կոստան Պետրոսյանի ջանքերով։ 1909 թվականին ուսուցիչ են աշխատել Երևանի թեմական դպրոցի շրջանավարտները, որոնցից աչքի էր ընկնում վարժապետ Վռամշապուհ Զաքար Բարայանը։ 1912 թվականին եոամյա երկսեռ դպրոցում սովորում էր 57 աշակերտ, այն տեղավորված էր խարխուլ շենքում։ 1915-1916 ուսումնական տարում ունեցել է 50 աշակերտ և մեկ ուսուցիչ, երկու տարի անց՝ երկու դասարան և երկու ուսուցիչ։ 1927-1928 թվականներին բացվեց թերի միջնակարգ դպրոց։ Դպրոցական նոր շենք է կառուցվել 1937 թվականին, երբ այն դարձավ միջնակարգ. առաջին տնօրենը Ռաֆիկ Մարկոսյանն էր։ 1939-1940 թվականներին կրթօջախը տվեց իր առաջին շրջանավարտներին։